ՌՈՍՏԱՄ ԲԱԶԻ

«Ռոստամ Բազին» հայկական ռազմի պարերից է: Ռազմական պարերը համարվել են սրբազան և դրանց կատարմանը լուրջ նշանակություն է տրվել: Այդ պարերը կատարել են ռազմի գնալուց առաջ ռազմիկների մարտական ոգին, ռազմական պատրաստականությունը բարձրացնելու համար, հաճախ նույնիսկ ռազմի հաջող կամ անհաջող ավարտը նմանողական գործողության միջոցով գուշակելու նպատակով: Պարել են նաև հաղթանակներ տոնելիս կամ թաղման արարողություններին, հատկապես եթե հանգուցյալը կապ է ունեցել ռազմական գործի հետ: Ժողովրդական տոներին, հարսանիքներին դրանք կատարվել են հատուկ ծիսական նպատակադրմամբ՝ ամուսնացող զույգի, համայնքի բարօրությունն ապահովելու, հնի ու նորի սահմանագիծը բարեհաջող հաղթահարելու համար:

Ժողովուրդը ռազմական պարերը անվանում է կռվի խաղեր: Բանակի, զորագնդի պարերը հնում կոչում էին «Պարք բանակաց»: Ռազմական սյուժեն կամ առանձին ռազմական պարերը նման էին պատմադիցաբանական և էպիկական ներկայացումներին: Բոլոր ժողովուրդներն և ցեղերը հնում բեմականացրել են մենամարտի և ճակատամարտի տեսարաններ: Նման ներկայացումներ կազմակերպում էին նաև հայերի նախնիները, և ավելի ուշ՝ արդեն հայ ժողովուրդը: Ենթադրվում է, որ «Ռոստամ Բազի» պարի նախնական տարբերակը նվիրված է եղել հայոց ռազմի Աստծուն՝ Վահագնին: Ռազմական պարերը, մրցումներն ու խաղերը էական դեր էին խաղում երիտասարդության ֆիզիկական դաստիարակության գործում: Դրա շհորհիվ ռազմական պարերը մտնում են զինվորների ֆիզիկական պատրաստվածության համակարգի մեջ: Դրանով է պայմանավորված ռազմապարերի համաժողովրդական տարածումը: Հետագայում ժողովուրդն այդ պարերի մեջ հավելեց կենցաղային բովանդակություն, որը զարգացավ նրանց պաշտամունքային նշանակությանը զուգահեռ:

Մինչ օրս ռազմական պարերը չեն կորցրել իրենց բազմազանությունը, շարժունակությունը, բուռն խառնվածքային ձևերը՝ թռիչքները, հարձակումները, մնջախաղային արտահայտչականությունը:

«Ռոստամ Բազին» հիմնականում տարածված է եղել Պարսկահայքում՝ Կապուտան (Ուրմիա) լճի շրջակայքում: Ռոստամը պարսիկ գրող Ֆիրդուսու հայտնի էպոսի հերոսի անունն է, որը ողջ Պարսկաստանում, այդ թվում նաև պարսկահայոց շրջանում, հայտնի էր որպես առնականության և դյուցազնականության խորհրդանիշ: Իսկ «բազի» թարգմանաբար նշանակում է «խաղ»: Հայեցի մեկնաբանությամբ պարը կարելի է կոչել «Քաջերի խաղ»:

Թեև ռազմի պարերի գերակշռող մասը գծային պարեր են, որոնք բաժանվում են երկու ձևերի՝ միաշարք և երկշարք գծային պարերի, այդուհանդերձ «Ռոստամ Բազին» ռազմի պարերի այն պահպանված նմուշներից է, որը պարում են շրջանաձև: Պարեղանակը 3/4 հաշիվ ունի, բայց խառը շեշտադրումով: Պարի հատակագծի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է, որը վկայում է պարի դրական բովանդակության, հաղթական մոգության մասին: Պարաքայլերը մի քիչ կլորավուն են, աղեղնաձև քայլերով, որը բնորոշ է պարսկահայերի պարարվեստին:

Պարաքայլի հաշիվը յոթ է, որը նույնպես դրական խորհուրդ ունի: Առաջին երեք հաշիվը տեղում ձախ ոտքով, իսկ երրորդը հենց դեպի ձախ կատարվող շարժումներ են՝ ասես նախկին մարտերում անհաջողությունների, ձախորդությունների հետ կապը խզելուն նպատակամղված, որը հոգեբանորեն նախատատրաստում է ապագա մարտերում հաղթելուն: Հաջորդ երեք հաշվին մարմինը փոքր-ինչ աջ դարձումով, շատ ավելի կտրուկ տեղաշարժվում է դեպի աջ։ Յոթերորդ հաշվին մարմինը ուղղվում է և հանգում ելման դրության՝ բարձր թռիչքով վերջակետ դնելով պարաքայլին՝ ասես արձանագրելով հաղթանակը:

Ենթադրաբար այս պարը հեթանոսական, արևապաշտական ժամանակների վերապրուկ է. այդ է վկայում արևի սկավառակ հիշեցնող պարի հատակագծի ձևը: Ըստ որոշ հիշատակությունների՝ պարը երբեմն պարել են փոքր դաշույներով կամ ջահերով, որոնք կենցաղից հետզհետե դուրս են մղվել: